ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Ի գիտություն ՔՊ-ական պատգամավորի՝ Սփյուռքը Հայաստանի թուլության հետևանքը չէ, որ Հայաստանի ուժեղացումը նշանակի Սփյուռքի թուլացում

Ի գիտություն ՔՊ-ական պատգամավորի՝ Սփյուռքը Հայաստանի թուլության հետևանքը չէ, որ Հայաստանի ուժեղացումը նշանակի Սփյուռքի թուլացում
20.08.2026 | 11:07

ՔՊ-ական երեսփոխաններից մեկը երեկ իր ելույթում տարբեր անհեթեթ մտքեր արտահայտեց, բայց ամենավտանգավոր միտքը այն է, որ փորձեց մեզ համոզել՝ իբր ուժեղ Սփյուռք ունենալու միակ ճանապարհը Հայաստանից արտագաղթի նոր ալիքներն են, իսկ հետևաբար՝ ուժեղ Սփյուռքը նշանակում է թույլ Հայաստան, այս միտքը ազգային ներուժը միմյանց հակադրելու բավական վտանգավոր մոտեցում է՝ իմ անձնական կարծիքով։

Այո՛, պատմականորեն բազմաթիվ հայկական համայնքներ ձևավորվել և մեծացել են գաղթի ալիքների հետևանքով։ Բայց դրանից չի հետևում, որ Սփյուռքի հզորացման միակ աղբյուրը Հայաստանից արտագաղթն է։ ՔՊ-ականը պետք է հասկանա, որ Սփյուռքի ուժը միայն հայերի քանակը չէ։ Սփյուռքի ուժը հայկական կապիտալն է՝ գիտելիքը, մասնագիտական ներուժը, կրթությունը, մշակույթը, քաղաքական ազդեցությունը, բիզնեսը, միջազգային կապերը, բարեգործությունը, կազմակերպվածությունը և ամենակարևորը՝ հայկական ինքնության պահպանումը սերունդների մեջ։ Եվ այստեղ է ՔՊ-ականի ելույթի հիմնական տրամաբանական սխալը.

Եթե Սփյուռքը չունի մի կառավարություն, մեկ բանակ, մեկ բյուջե և մեկ «հեռախոսահամար», դա չի նշանակում, որ այն չունի քաղաքական, տնտեսական կամ ազգային կշիռ։ Որտե՞ղ է լսված, որ որևէ ժողովրդավարական երկրում հասարակական ազդեցությունը չափվում է միայն նրանով, թե քանի՞ մարդ է մեկ հեռախոսահամարի տակ։

ՔՊ-ն պետք է հասկանա, որ Հայկական Սփյուռքը բազմակենտրոն է։ Այո՛։ Տարբեր կազմակերպություններ ունեն տարբեր քաղաքական հայացքներ։ Այո՛։ Իսկ ի՞նչ է. Հայաստանում այդպես չէ՞:

Եվ մեկ այլ կարևոր հարց.

Եթե սփյուռքահային ասում ենք՝ «վերցրու հեռախոսը և զանգիր Հայաստանին, հարցրու՝ ինչ կարող ես անել Հայաստանի համար», ապա ո՞վ է այդ «Հայաստանը»։

Միայն գործող իշխանությո՞ւնը, մինչդեռ պետք է հասկանալ, որ Հայաստանը ՔՊ-ական կառավարությունը չէ։ Հայաստանը մեր պետությունն է, հայ ժողովուրդն է, հայ մշակույթն է, Հայոց պատմությունն է, Հայ առաքելական Սուրբ եկեղեցին է, բանակն է, քաղաքացիական հասարակությունն է, Սփյուռքն է և աշխարհասփյուռ հայությունը։

Սփյուռքահային հայրենիքին կապելու ճանապարհը նրան քաղաքականապես լռեցնելը չէ։ Ճիշտ հակառակը՝ պետք է ստեղծել այնպիսի Հայաստան, որի հետ Սփյուռքը ցանկանա կապել իր ապագան։

Պետք է ստեղծել պայմաններ հայրենադարձության համար։

Պետք է ներդրումներ բերել։

Պետք է մասնագետներին վերադարձնել։

Պետք է ընտանիքներ վերադարձնել։

Պետք է երիտասարդներին հնարավորություն տալ Հայաստանում ապրել և ստեղծել։

Բայց դրա հետ մեկտեղ պետք է պահպանել և հզորացնել հայկական համայնքները ամբողջ աշխարհում, որովհետև հայրենադարձությունը և Սփյուռքի հզորացումը հակադիր գործընթացներ չեն։

Ավելին՝ հզոր Հայաստանը կարող է լինել ուժեղ Սփյուռքի ամենահզոր խթանը։ Ես համակարծիք եմ, որ մենք իսկապես պետք է փոխենք Հայաստան–Սփյուռք հարաբերությունների մոդելը, բայց ոչ թե «Սփյուռքը զանգի իշխանությանը և հարցնի՝ ինչ անի Հայաստանի համար» սկզբունքով։

Այլ՝

Հայաստանը և Սփյուռքը պետք է դառնան մեկ ազգային ռազմավարության երկու փոխլրացնող հենասյուները։

Հայաստանը՝ որպես հայ ժողովրդի պետական կենտրոն։

Սփյուռքը՝ որպես աշխարհում ձևավորված հայկական ազգային, մարդկային, մասնագիտական, տնտեսական, մշակութային և քաղաքական հսկայական ներուժ։

Եվ վերջապես՝ ամենակարևոր հարցը։

Եթե մենք այսօր ասում ենք՝ «թող սփյուռքահայը տեղափոխվի Հայաստան, իսկ Սփյուռքը թող թուլանա», ապա վաղը ո՞վ է Հայաստանի համար լինելու միջազգային հարթակներում։

Ո՞վ է պահպանելու հայկական դպրոցները։

Ո՞վ է հայկական մշակույթը աշխարհում փոխանցելու հաջորդ սերունդներին։

Ո՞վ է պաշտպանելու Հայաստանի և հայ ժողովրդի շահերը աշխարհի տարբեր երկրներում։

Հայաստանի հզորացումը չպե՛տք է կառուցվի Սփյուռքի թուլացման հաշվին։

Մեր նպատակը պետք է լինի շատ ավելի մեծ՝

Հզոր Հայաստան + ուժեղ Սփյուռք = ուժեղ հայ ժողովուրդ։

Մեզ պետք չէ իրար դեմ հանել։

Մեզ պետք է վերջապես սովորել իրար ուժեղացնել։

Սոնա ԱՂԵԿՅԱՆ

Դիտվել է՝ 512

Մեկնաբանություններ